Առողջապահության ոլորտում լոկոմոտիվ հանդիսացող «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների համալիրը օրթոպեդիայի բնագավառի զարգացման նոր միջազգային չափորոշիչներին համապատասխան հայտ ներկայացրեց։
Մարտի 30-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում բացվեց տարածաշրջանում առաջին բարձր տեխնոլոգիաներով հագեցած հայ-ֆիննական «Կոքսա-Նաիրի» օրթոպեդիկ կլինիկան։ «Այս ծրագրի գաղափարը ծնվեց երկու տարի առաջ, երբ «Նաիրի» բժշկական կենտրոնի ղեկավար Նաիրա Մամիկոնյանն այցելեց մեր կլինիկա։ «Նաիրին» համարվում է Հայաստանում առաջատար կենտրոն, և մենք սիրով համաձայնեցինք այս համագործակցությանը»,- «Կոքսա-Նաիրի» օրթոպեդիկ կլինիկայի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց ֆիննական «Կոքսա» օրթոպեդիկ կլինիկայի գլխավոր տնօրեն ՏԱՐՄՈ ՄԱՐՏԻԿԱՅՆԵՆԸ։ Բանախոսը նաև ընդգծեց, որ որակյալ վիրահատություն և հետվիրահատական ապաքինում իրականացնելու համար անհրաժեշտ են որակյալ բուժանձնակազմ, բարձր տեխնոլոգիաներ։ Այս հիմնավորումների հետ, ինչպես ասում են, չես վիճի, սակայն մեզ հետաքրքրեց` արդյոք «Նաիրի» ԲԿ-ի այսօրվա պոտենցիալը բավարարո՞ւմ է այդ չափանիշներին։ «Այո, անկասկած»,- մեր հարցին հստակ պատասխանեց Տարմո Մարտիկայնենը։
Նորաբաց կլինիկան Հայաստանում աշխատելու է ամերիկյան առաջատար «Զայմեր Բիոմեդ» ընկերության արտադրած իմպլանտներով, նույն այդ իմպլանտներով է աշխատում միջազգային ճանաչում ունեցող «Կոքսա» կլինիկան։ Կարևորն այն է, որ հայկական կողմին հաջողվել է նաև պայմանավորվել «Զայմեր Բիոմեդ»-ի հետ իմպլանտները ձեռք բերելու բացառիկ գներով, ինչից կարելի է ենթադրել, որ «Կոքսա-Նաիրիում» վիրահատությունները ավելի էժան կլինեն, քան ֆիննական «Կոքսա» կլինիկայում։ Մեր այս ենթադրությունը հաստատեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Միքայել Մանուկյանը. «Անկասկած, մեզ մոտ գներն անհամեմատ ցածր կլինեն եվրոպականից»։ Եվ այսպես, եվրոպական որակ` հայկական գներով, սա արդեն իրականություն է, ինչը հիմք կհանդիսանա Հայաստանի օրթոպեդիայի ոլորտի զարգացման համար` առողջ մրցակցության պայմաններում։
Այն, որ այս կլինիկան կարևոր նշանակություն ունի, փաստում էին բացմանը ներկա Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնների ղեկավարները։ Այստեղ էր նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ումից փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է արդյոք, որ այս նորաբաց կլինիկան համալսարանի ուսանողների համար դառնա ուսուցման կենտրոն։ «Ոչ միայն մեր ուսանողների, այն լավ դպրոց կարող է լինել մեր բժիշկների վերապատրաստման համար։ Այստեղ առաջիկայում իրականացվող էնդոպրոթեզավորման վիրահատություններն առաջին անգամ արվելու են նոր մակարդակով։ Ըստ աշխատանքների խորացման հնարավոր կլինի հընթացս ավելի ծավալուն խոսել այս ծրագրից։ Այժմ կարող եմ ասել, որ այս կլինիկայի բացման շրջանակներում Տամպերեի բժշկական համալսարանի ռեկտոր Մատի Լեհտոյի հետ գտանք համագործակցության եզրեր՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների փոխանակման հարցում»,- պատասխանելով մեր հարցին` ասաց Միքայել Նարիմանյանը։ Ի դեպ, Տամպերեի բժշկական համալսարանի ռեկտորը ֆիննական «Կոքսա» կլինիկայի հիմնադիրն է, և եթե այսօր Հայաստանի բժշկական համալսարանի հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվում նորաբաց կլինիկայի բացման շրջանակում, ապա կարելի է ասել, որ «Կոքսա-Նաիրի» կլինիկայի բացումը նպաստելու է նաև նորաթուխ բժիշկների համար եվրոպական կրթական որակ ապահովելու գործին։
Մասնագետների գնահատմամբ՝ նորաբաց այս կլինիկան Հայաստանի էնդոպրոթեզավորման ոլորտում լուրջ առաջընթաց կապահովի։ Ասել, թե Հայաստանում մինչ այժմ այս ճյուղն ընդհանրապես զարգացած չէր, ճիշտ չի լինի, առավել կարևոր է հասկանալ` ո՞րն է լինելու այս կլինիկայի առանձնահատկությունը։ «Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ծնկի, կոնքազդրի և ուսահոդի էնդոպրոթեզավորումները հնարավորություն են տալու առանց ցավերի վիրահատության հաջորդ օրը դուրս գրել հիվանդին։ Հաջորդ և խիստ կարևոր առանձնահատկությունը հոդերի երկրորդային, այսպես ասած, ռևիզիոն վիրահատություններն են, որոնք Հայաստանում իրականացվելու են առաջին անգամ։ Այս տիպի վիրահատությունների անհրաժեշտությունն առաջանում է ժամանակի ընթացքում էնդոպրոթեզի մաշվածության կամ այլ ինֆեկցիաների, միջադեպերի արդյունքում վնասված էնդոպրոթեզի դեպքում»,- մեր հարցը պարզաբանեց «Էրեբունի» ԲԿ-ի գլխավոր տնօրենը։
Եվ այսպես, Հայաստանում այսուհետ կգործի «Կոքսա-Նաիրի» կլինիկան, որը, ինչպես պարզվեց, առաջինն է ոչ միայն տարածաշրջանում. «Նման կլինիկա չունեն նաև նախկին խորհրդային երկրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի ղեկավար Անատոլի Գնունին։ Սա նշանակում է, որ Հայաստանն այս ոլորտում կարող է առաջատար դիրք զբաղեցնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մերձակա արտերկրներում։ «Կոքսա-Նաիրի» ապրանքանիշը տարածում կգտնի նաև հետխորհրդային երկրներում։ Այդ փաստը կարևորում է նաև Տամպերեի բժշկական համալսարանի ռեկտոր, «Կոքսայի» հիմնադիր Մատի Լեհտոն. «Որպես «Կոքսա» կլինիկայի հիմնադիր, հպարտ եմ, որ մեր ապրանքանիշը հաստատվել է Հայաստանում»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ